Նախօրեին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, որ Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ազատամարտիկների միություն, որը կընդգրկի հանրապետության բոլոր մարզերն ու իր առջև կդնի իշխանափոխության նպատակ, սոցիալական ցանցերում առաջացրել էր մեծ հետաքրքրություն:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ ռազմադաշտային խորհրդի հենքի վրա ազատամարտիկները շարունակում են իրենց հանդիպումները, ընդլայնվել է ռազմադաշտային խորհրդի կազմը, որի նպատակն է քայլ առ քայլ հասնել ժողովրդի համախմբմանը և երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը: Այդ խորհրդում, ըստ մեր զրուցակցի, ընդգրկվել են նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Խաչիկ Ավետիսյանը, «Տիգրան Մեծ» ջոկատից Վլադիմիր Առաքելյանը, այլք:
Արդյո՞ք այդ կազմում ընդրգկված են նաև «Երկրապահ կամավորականների միությունը» ներկայացնող ազատամարտիկներ:
Մեր հարցին ի պատասխան՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենք նպատակ չունեն լինելու ԵԿՄ-ին այլընտրանք և ստեղծելու «ԵԿՄ-2»:
«ԵԿՄ-ի գերխնդիրը պետք է լիներ սահմանադրական կարգի պահպանումը: Սահմանադրական կարգը խախտված է, իշխանություններն օրինական չեն, իսկ այս ընթացքում ԵԿՄ-ն ձայն չի հանել: Մենք հավաքվում ենք արյուն թափած, կռված տղաներով, որպեսզի մտածենք երկրում իշխանափոխություն իրականացնելու մասին»,- մեր զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ